Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում պահանջել է, որ Կիևը փոխանցի Դոնեցկի լիակատար վերահսկողությունը՝ որպես ՈՒկրաինայում պատերազմի դադարեցման նախապայման՝ հայտնում է The Washington Post-ը։ Ըստ հրապարակման, Պուտինի ուշադրության կենտրոնացումը Դոնեցկի վրա վկայում է, որ նա չի հրաժարվել նախկին պահանջներից, որոնք հանգեցրել էին հակամարտության փակուղային վիճակին՝ չնայած գործարքի հնարավորության վերաբերյալ Թրամփի լավատեսությանը։               
 

Էլիտաների մտավոր և բարոյական կոմպետենտություն

Էլիտաների մտավոր և բարոյական կոմպետենտություն
05.03.2025 | 16:22

Գոյութենական վտանգի առջև կանգնած պետությանն ու ժողովրդին կեղծ առաջնորդությամբ մոլորեցնողներն արժանի են դատապարտման ու պարսավանքի։ Քաղաքագիտական իմաստով այն ինչ հիմա տեղի է ունենում դասական պոպուլիզմի դրսևորում է, որտեղ պետությունը փրկելու ու ազգային շահերին վերադարձ կատարելու առերևույթ հռետորաբանությունը քողարկում է թաքնված դրդապատճառները՝ եսակենտրոնությունն ու իշխանատենչությունը:

Մինչդեռ, պահի օրհասականությունը ստիպում է կարևորել, ավելի ճիշտ՝ վերաիմաստավորել քաղաքական ամենակարևոր կատեգորիան՝ էլիտաների մտավոր և բարոյական կոմպետենտությունը։ Սա նշանակում է, որ պատմական ժառանգության, ազգային գաղափարախոսության ու մշակույթի, ինչպես նաև ազգային արժեքների հիման վրա պետականաշինության իրական ձգտողներն ու մարտիկները պետք է երևան գան ու հակադրվեն նրանց, ովքեր հանդես են գալիս կեղծ առաջնորդությամբ ողողված անձնական ակնկալիքներով։ Այստեղ է, որ ժամանակակից մերօրյա համատեքստը պարտադրում է իրական մերիտոկրատիայի պահպանման և արմատավորման անհրաժեշտությունը՝ մի համակարգ, որտեղ իշխանությունը վստահվում է համապատասխան կոմպետենտությանն ու հասարակությանը ծառայելու պատրաստակամությանը, այլ ոչ թե՝ անձնական ու նեղ ներխմբային շահերին:

Մյուս կողմից, ժամանակակից մերիտոկրատիան մեր պարագայում ոչ միայն կոմպետենտության պահանջ է, այլև՝ ինքնազոհության և ճգնության, ինչպես նաև հանրային ու պետական շահը սպասարկելու և իշխանական հավակնություններից հրաժարվելու կեցվածքի ու վարքագծի դրսևորում ու ցուցադրում։ Սա քաղաքականության էթիկական հարթությունն է, որտեղ ագրեսիվ կարիերիզմին և նարցիսիզմին հակադրվում է առաջնորդի իրական առաքելությունը՝ ծառայել ի շահ պետության ու ազգի բարգավաճմանը՝ պատմական ժառանգության պահպանման ու դրա հիման վրա սոցիալական աճի, կրթության, գիտության, մշակույթի և արվեստի զարգացման միջոցով:

Թերևս, այսօրվա իրականությանն են վերաբերում մեծն Հ․ Թումանյանի հետևյալ խոսքերը․

«Պետք է լռեն վերջապես բոլոր նրանք, որոնք խոսել են ու խոսում են և՛ ժողովրդի անունից, և՛ գրականության, և՛ պատմության, և՛ գիտության, միմյանց մարդկանց աչքերին թոզ փչելու համար, կուրացնելու ու իրենց ետևից տանելու համար, իրենց համար առաջնորդողի դիրք ու աթոռ ստեղծելու համար, և հանդես պետք է գան ու խոսեն նրանք, որոնք երկար տքնությամբ ու ճգնությամբ ուսումնասիրել ու սիրել են իրենց խոսքի առարկան և չեն գալիս դիրք ու աթոռ գրավելու հավակնությամբ, այլ գիտությանն ու գեղարվեստին ծառայելու պատրաստակամությամբ։»։

Դավիթ Անանյան

Դիտվել է՝ 5083

Մեկնաբանություններ